Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության 80 տոկոսն ավարտվել է

2024 թվականին ՀՀ պետական բյուջեից էներգետիկայի ոլորտին հատկացված 19 միլիարդ դրամից ծախսվել է 18,3 միլիարդը, իսկ կատարողականը կազմել է 96,2 տոկոս։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ԱԺ-ում հայտնել է, որ հատկացված միջոցները ծառայել են չորս ծրագրերում ներառված 12 միջոցառումների իրականացմանը, որոնցից ամենախոշորը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրին է վերաբերել՝ 14,2 միլիարդ դրամի ծախսով։
«Ավարտման փուլում են «Զովունի», «Արարատ-2», «Շինուհայր» 220 կՎ լարման բարձրավոլտ ենթակայանների ամբողջական վերակառուցման աշխատանքները։ Դրանք արդեն դրվել են լարման տակ և շահագործվում են»,-նշեց նախարարը։
Ակտիվ փուլում են նաև Իրան-Հայաստան 400 կՎ լարման հաղորդման օդային գծի և ենթակայարանի կառուցման աշխատանքները։
«Պետք է ասեմ, որ աշխատանքների շուրջ 80 տոկոսն արդեն ավարտված է»,-ասաց նա։
Նախարարն ընդգծեց նաև, որ ավարտվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը։ Կայանի հզորությունը կազմում է 55 մեգավատ, այն արդեն միացված է ցանցին՝ փորձնական կարգավորումների նպատակով։