Մուսայելյանում բրուցելոզի նոր դեպքեր չկան

Բրուցելոզի հայտնաբերված 50 դեպքից բացի նոր դեպքեր չկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյանի վարչական ղեկավար Կարեն Վարդանյանը։
«Եղածն արդեն ոչնչացվել է, ուղարկել ենք վերամշակման կետեր։ Մարդկանց մոտ բրուցելոզ չկա, չի էլ լինելու։ Ախտանիշներ չկան ոչ մեկի մոտ, ստուգումներ չենք անցել, դրա կարիքն էլ չկա։ Բրուցելոզը այնպիսի հիվանդություն է, որ ախտանիշներից միանգամից զգացվում է։ Առանց անալիզների էլ միանգամից հասկանալի է լինում, եթե մարդը հիվանդանում է բրուցելոզով։ Առաջին հերթին զգացվում է մեծ հոգնածություն, մկանների ուժեղ ցավ»,–ասաց նա։
Կարեն Վարդանյանը նկատեց, որ գյուղի մոտ 900 գլուխ կենդանիներից նմուշառում է արվել, 50–ի մոտ հայտնաբերվել է այդ հիվանդությունը. «Տարին երկու անգամ այդ միջոցառումը արվում է, Աշնանը մի չորս հատ ունեցել ենք, դա վերացվել է, գարունը մի քիչ շատ եղած, բայց այնպես չէ, որ սա սենսացիոն դեպք է։
Բրուցելոզը ոչ միայն վարակովի հիվանդություն է, այլև ձեռքբերովի, կենդանիների ուժեղ մրսածությունը, ցրտահարությունը, ախտահանումը ոչ նորմալ կատարելը բերում են այդ հիվանդության։ Թույլ իմունիտետով անասուններն էլ բնական է, շուտ են վարակվեոլւ»,– ընդգծեց Վարդանյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Վարակված կենդանիները տեղափոխվել են վերամշակման կետ եւ ենթարկվել հարկադիր սպանդի։
Նշենք, որ բրուցելոզ է տարածված նաեւ Գեղարքունիքի Չկալովկա համայնքում։ Այնտեղ նաեւ մարդկանց մոտ է հայտնաբերվել։
Աղբյուրը՝ NEWS.am