ՄՊՀ նախագահը իտալացի գործընկերների հետ քննարկել է համագործակցությունը

ՄՊՀ նախագահը իտալացի գործընկերների հետ քննարկել է համագործակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը   Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով  աշխատանքային այց է կատարել Հռոմ։

Հանձնաժողովից հայտնում են, որ այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել  իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN)  մենթորության ծրագրին։

ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ փորձի փոխանակումը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կարող է օրինակ ծառայել ICPEN-ի այլ մասնակիցների համար։ Նա հավելել է, որ  օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի ԵՄ դիրեկտիվներին, արդեն  երկրորդ ընթերցումն է անցել Ազգային ժողովում և ակնկալվում է, որ մինչև հունիսի վերջ ամբողջությամբ կընդունվի օրենսդիր մարմնի կողմից։

Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինները վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում են։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Երևանում երկու գերատեսչությունների ղեկավարները կնքեցին համագործակցության  հուշագիր։