Ճապոնացի գիտնականները պլաստիկ նյութ են ստեղծել, որն աղի ջրում լուծվում է հաշված ժամերում

Ճապոնացի գիտնականների ստողծած նոր պլաստիկ նյութը կարող է օգնել մեզ նվազեցնել օվկիանոսի աղտոտումը, գրում է Reuters-ը։
RIKEN-ի Նոր նյութերի ուսումնասիրության կենտրոնի և Տոկիոյի համալսարանի գիտնականների ստեղծած նոր պլաստիկ նյութն ունի նավթի հիմքով պլաստիկի ամրություն։ Սակայն ի տարբերություն սովորական պլաստմասսաների, որոնց քայքայման համար պահանջվում է 20-ից 500 տարի, նոր պլաստիկ նյութը աղի ազդեցությամբ քայքայվում է՝ վերածվելով իր սկզբնական բաղադրիչների։
Այնուհետև ջրում առկա բակտերիաները վերամշակում են այդ բաղադրիչները և իրենցից հետո միկրոպլաստիկ կամ նանոպլաստիկ մասնիկներ չեն թողնում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, հետազոտողները Տոկիոյի մոտ գտնվող Վակո քաղաքի լաբորատորիայում ցուցադրել են նոր քայքայվող պլաստիկ նյութը։
Ցուցադրման ժամանակ նրանք ներկայացրել են, թե ինչպես է նյութը մոտավորապես մեկ ժամում լուծվում աղի ջրում։ Եթե ձեզ հետաքրքիր է, աղ կա նաև հողում, սակայն նոր նյութի՝ հողի տակ ամբողջությամբ քայքայվելու համար կպահանջվի 200 ժամ։
Ավելին, նոր պլաստիկ նյութը, կարծես թե, թունավոր չէ մարդու համար, հրակայուն է և ածխաթթու գազ չի արտանետում։ Հետազոտողները նաև հայտարարել են, որ նյութը դեռ պատրաստ չէ առևտրային նպատակներով օգտագործման համար, սակայն նրանք ակտիվորեն աշխատում են ծածկույթի ստեղծման մեթոդի վրա։ Նախագծի ղեկավար Տակուզո Աիդան նշել է, որ իրենց հետազոտությունն արդեն զգալի հետաքրքրություն է առաջացրել փաթեթավորման ոլորտի արտադրողների մոտ։
Ըստ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի տվյալների, մինչև 2040 թվականը պլաստիկով աղտոտումը կեռապատկվի, և միայն օվկիանոսում տարեկան կկուտակվի 23-ից 37 միլիոն մետրիկ տոննա թափոն։