Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ–ից 198 մլն դոլար է ստացել

2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ (198 մլն դոլար) մաքսատուրք կամ 879 մլն դրամով (մոտ 2,3 մլն դոլար) շատ, քան 2023 թվականին։ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ՝ երեկ, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասել է, որ ֆինանսների նախարարությունը շարունակել է ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ուղղություններով քննարկումները, ներառյալ պետական գնումների կազմակերպման միասնական մոտեցումները, մասնավորապես մրցույթներին մասնակցող ընկերությունների թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը:
Քննարկվում են նաև էլեկտրոնային առևտրից ԱԱՀ գանձման, հաշվապահական հաշվառման և աուդիտի ծառայությունների միասնական շուկայի հարցերը: Ոլորտի մասնագետների և ընկերությունների համար միասնական ստանդարտների մասին համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլում է։