ԵՄ երկրները գտել են վերազինման նոր ֆինանսական աղբյուր

ԵՄ երկրներին թույլատրվել է օգտագործել 335 միլիարդ եվրո՝ COVID-19 համավարակի հետևանքների դիմակայման և վերականգնման հիմնադրամից՝ վերազինման և պաշտպանության ծախսերի համար։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Նշվում է, որ Եվրահանձնաժողովը սահմանել է ծրագրի իրագործման վերջնաժամկետը՝ մինչև 2026 թվականի օգոստոսը։ Հիմնադրամից միջոցներին հասանելիություն կունենան միայն այն երկրները, որոնք կկատարեն մի շարք պահանջներ։
2021 թվականին նախատեսվում էր, որ հիմնադրամի գումարները կուղղվեն կլիմայական ծրագրերի և թվայնացման տեխնոլոգիաների ֆինանսավորմանը։ Թերթն ընդգծում է, որ պաշտպանական նախագծերին տրված առաջնահերթությունը վկայում է ԵՄ-ի առաջնահերթությունների արմատական փոփոխության մասին։
Ավելի վաղ ԵՄ դեսպանները հավանություն էին տվել ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի առաջարկած՝ Եվրոպայի միլիտարիզացման ծրագրին (SAFE), որի ծավալը կազմում է 150 միլիարդ եվրո։
«Որքան շատ ԵՄ-ն ներդրում կատարի իր զինուժի մեջ, այնքան ավելի լավ կկարողանա զսպել նրանց, ովքեր ցանկանում են վնասել իրեն», – ասվում է հրապարակման մեջ։