Հայաստանը Բրյուսելում դեսպանության համար 4,3 մլն եվրոյով ձեռք կբերի նոր շինություն

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը։
Միրզոյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունն իրականացրել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնապես հաստատված բյուջեն եղել է 17,1 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն՝ 27,8 միլիարդ, իսկ փաստացի ծախսերը կազմել են 27,4 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 98,8 տոկոս։
«Ճշտված բյուջեն ավելացել է 10,7 միլիարդ դրամով․ այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում 1 գործոնով՝ Փարիզում ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենքով, որի արժեքը կազմել է 9,9 միլիարդ դրամ»,-ասաց Միրզոյանը։