Ռուսաստանն Իրանի գազային նախագծերում 8 մլրդ դոլար կներդնի. դեսպան

Ռուսաստանն Իրանի գազային նախագծերում 8 մլրդ դոլար կներդնի. դեսպան
Ռուսաստանը 8 մլրդ դոլարի ներդրում կանի Իրանի գազային նախագծերում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Երկու երկրների պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանը 8 մլրդ դոլար կներդնի Իրանի գազային նախագծերում», – ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ գումարի մի մասը (մոտ 5 մլրդ դոլար) նախատեսված է պայմանագրերով։ Պայմանավորվածությունների մնացած մասը սպասում է վերջնական հաստատման։
Դեսպանը նշել է նաև, որ Թեհրանը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին։
Հիշեցնենք` Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Իրանի խորհրդարան է ուղարկվել մայիսի սկզբին։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիի խոսքով՝ համաձայնագիրն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մոսկովյան այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։