ԵՄ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման ողջ գործընթացն իսկապես մտահոգիչ է. Միրզոյան

ԵՄ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման ողջ գործընթացն իսկապես մտահոգիչ է. Միրզոյան

ԵՄ անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին վիզաների տրամադրման, հերթագրման կամ հարցազրույցների գործընթացը իսկապես մտահոգիչ է: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ հայկական կողմը այս հարցը մշտապես պահում է Երևանում ներկայացուցչություն ունեցող ԵՄ անդամ երկրների գործընկերների ուշադրության կենտրոնում:

Ստացված պատճառաբանությունները տարբեր են՝ տեխնիկականից մինչև ֆինանսական: Դեպքեր կան, ըստ նախարարի, ընդունում են դիմողի դժգոհությունը, բայց բացառիկ դեպքեր էլ կան, որ հայկական կողմը կարծում է՝ ՀՀ քաղաքացու հանդեպ հարգալից վերաբերմունք չի դրսևորվել:

«Դեպքերի մեծ մասում մենք առարկություն չունենք: Հիմա դրանք են նրանց ընթացակարգերը, և դա իրենց որոշելիքն է ընդհանուր առումով: Բայց ընդհանուր առմամբ խնդրի լեգիտիմությունը և խնդրի գոյությունն ընդունում եմ, և առաջին անգամ չէ, որ ԱԳ նախարարն ասում է, որ այս հարցով մենք ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ իրավիճակի լավագույն լուծումը կլինի վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտը:

«Այստեղ էլ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն իր բաժին գործն ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ՝ սկսած կենսաչափական անձնագրերի ներդրումից, վերջացրած բազմաթիվ այլ հարցերով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարել է, որ հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի: Դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։ Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, կերկարի սպասելաժամանակը։