Ամփոփվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը

Ամփոփվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, իրականացվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Այսպիսով եզրափակվեց ավելի քան վեց տարի տևած փոխակերպող աշխատանքը՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
Ծրագրի փակման միջոցառումը եւ խորհրդատվական խորհրդի 8-րդ՝ եզրափակիչ նիստը տեղի էին ունեցել մայիսի 15-ին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիական զարգացման համագործակցության, Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԶԾ Հայաստանի, ինչպես նաեւ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզպետի աշխատակազմերի, ակադեմիական հաստատությունների, ֆերմերների և ծրագրի շահառու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
EU-GAIA-ն էական դերակատարում է ունեցել գյուղատնտեսական կրթության բարեփոխման, ֆերմերների կարողությունների զարգացման, օրգանական և կլիմակայուն գործելակերպերի տարածման, ինչպես նաեւ նորարար կանաչ տեխնոլոգիաների ներդրման գործընթացներում՝ ձևավորելով կայուն համագործակցային ցանցեր պետական, մասնավոր և համայնքային մակարդակներում։