2025-ի առաջին մի քանի ամիսների տվյալներով՝ հասցրել ենք շրջանառությունից դուրս բերել 173 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար

Կառավարությունը հավանություն տվեց Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծին:
«Ռազմավարական ծրագրի նախագիծը ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ է, որն այս կամ այն ոլորտի մասով տալիս է պետության առաջիկա տարիների կտրվածքով մոտեցումների և նաև գործողությունների մասով պատկերացում, այլ այն անդրադառնում է նաև թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը: Առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից: Ոչ թե հակադրում ենք հանրային անվտանգությունը հանրային առողջապահությանը, այլ ճիշտ բալանս ենք ապահովում, որ երկու թեևերը կարողանան ճիշտ աշխատել»,- այս մասին Կառավարության նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային պատկերը, և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի 2024 թվականի աշխարհի թմրամիջոցների զեկույցի համաձայն՝ համաշխարհային մակարդակով վերջին 10-ամյակում արդեն թմրամիջոցների գործածման դեպքերը շուրջ 20 տոկոսով աճ են ունեցել: Հաշվի առնելով այս խումբ իրադարձությունների թե՛ բնույթը, թե՛ բովանդակությունը, պիտի փաստեմ, որ ՀՀ-ն չի կարող կղզի մնալ և, հաշվի առնելով ապօրինի շրջանառության անդրսահմանային, անդրազգային բնույթը, սա ներթափանցում է նաև ՀՀ տարածք: Բայց ՀՀ-ի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունենք բավական մտահոգիչ թվեր, ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից, և պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ որ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա և նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն և ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով և 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում:
Ռազմավարությունը մանրակրկիտ անդրադառնում է հանրության բոլոր շերտերին, պետական կառավարման համակարգի բոլոր օղակներին. ԶՈՒ, ՔԿՀ-ներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, դպրոցներ և մնացյալ բոլոր կառույցները, որոնք կարող են այս կամ այն կերպ առնչվել այս դեպքին:»,- ասաց նա:
Արփինե Սարգսյանը նշեց, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում 2023-ը երբ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրում ենք, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին:
Նյութն ամբողջությամբ՝ news.am