Հայաստանում գործազրկությունը մեկ տարում ավելացել է 1,5 տոկոսով․ ֆինանսների նախարար

Հայաստանում գործազրկությունը մեկ տարում ավելացել է 1,5 տոկոսով․ ֆինանսների նախարար
Հայաստանում 2024 թվականին գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,5 տոկոսով։ Այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ  2024 թվականին գործազրկության մակարդակը մեր երկրում կազմել է 13,9 տոկոս։
Փոխարենը, ըստ նախարարի, միջին աշխատավարձն է բարձրացել։
«Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, կազմել է 287 հազար դրամ, այդ թվում՝ պետական հատվածում 224 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 311 հազար դրամ։ Իրական աշխատավարձը 0,3 տոկոս գնաճի պայմաններում աճել է 6,1 տոկոսով»,- հայտնեց նախարարը։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ քաղաքացիների իրական եկամուտներն աճել են 6,1 տոկոսով։