Եթե ամբողջ պետական համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանար, թոշակը 1500 դրամով էր բարձրանալու. Փաշինյան

Երբ ես խոսում եմ 238 միլիարդ աշխատավարձի ֆոնդի մասին, պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձը, այդ ամեն ինչի մեջ փոքր է 5%-ից։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ շահարկումները, որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե, օրինակ, 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնու՞մ եք։ Ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով և այլնով։
Բայց այստեղ կա մի նրբություն, ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական համակարգը աշխատավարձ չի ստանում և դրա արդյունքում թոշակառուն կստանա ոչ թե 30 հազար այլ 31 500 դրամ թոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակառուների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասցնի B կետը, ուղղակի գոյություն չէր ունենա։ Լավ մի ամիս կարար գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն, որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պիտի մտածեր, թույլ տալիս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, դե թույլ չի տալիս»,– հայտարարեց Փաշինյանը։
Աղբյուրը՝ news.am