Էկոնոմիկայի փոխնախարարը Մանիլայում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով համաժողովին (AWUF 2025)։
AWUF 2025-ի նպատակն էր խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, քաղաքային պլանավորման մեջ կանաչ լուծումները, շրջանաձև տնտեսության ներդրումը և կոշտ կենցաղային թափոնների կառավարման թվայնացումը:
Համաժողովի շրջանակներում Անուշիկ Ավետյանը մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված քաղաքական բարեփոխումները:
Իր խոսքում նա անդրադարձել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, որը ռազմավարական առումով կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է Հայաստանի Հանրապետության համար:
«Այս միջանցքը մեզ համար ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածք է, այլև կապի և համագործակցության խորհրդանիշ: Այն սերտորեն համապատասխանում է Հայաստանի ավելի լայն ռազմավարական տեսլականին՝ դառնալ «Խաղաղության խաչմերուկ»: Այս նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև կառուցողական կամուրջ՝ խթանելով երկխոսությունը, առևտուրը և փոխըմբռնումը հարևան և այլ երկրների միջև», - նշել է նախարարի տեղակալը:
Անուշիկ Ավետյանը ունեցել է նաև ԱԶԲ պաշտոնյաների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են քաղաքային և ջրային ոլորտներում պետական ներդրումները, ինչպես նաև Գյումրու չոր նավահանգստի ծրագրի հայեցակարգը