Արտահանման մաքսային սպասարկումն այսուհետ իրականացվելու է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով

Հայաստանի Հանրապետությունում մաքսային մարմինը հունիսի 1-ից սկսած կանցնի արտահանման գործընթացների շուրջօրյա՝ 24/7 սպասարկման։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունը վերաբերում է ինչպես երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանվող ապրանքներին։ Այսուհետ մաքսային հայտարարագրերը կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները կբացթողնվեն առանց աշխատանքային ժամերի կամ օրերի սահմանափակման։
Նոր կարգի շնորհիվ մաքսային ձևակերպումների անհրաժեշտությունը կվերանա պետական սահմանի անցակետերում, ինչը նախկինում հանգեցնում էր հերթերի և ծանրաբեռնվածության։ Արտահանման 24/7 մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում, Վանաձորում և Տավուշի մարզի Այրում քաղաքում գտնվող պահեստներում՝ հատուկ այդ նպատակով նշանակված աշխատակիցների կողմից։
Արտահանումներն աշխատանքային ժամերից դուրս կիրականացվեն միայն որոշակի պահեստներից։ Երևանի դեպքում՝ «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» և «Վալենիսա» ընկերությունների պահեստներից, իսկ մարզերում՝ Վանաձորի մաքսային սրահից և Այրումի «Դամուար գրուպ» պահեստից։ Հայտարարագիր կազմելիս պետք է ճիշտ նշվի ապրանքների գտնվելու վայրը և նախապես իրականացվի մաքսային վճարների վճարումը։
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է ձևակերպումները կատարել Հայաստանի տարածքում՝ մինչև սահման հասնելը, որպեսզի սահմանին չառաջանան երկար հերթեր և ավելորդ խառնաշփոթ։