Sputnik. Մեկանգամյա ակցիա զբոսաշրջիկի համար. ի՞նչ կտա ոլորտին ՀՀ կառավարության նախաձեռնությունը

Հետվճարի մեխանիզմը ոչ թե օժանդակելու է ՀՀ զբոսաշրջության զարգացմանը, ինչպես կարծում են էկոնոմիկայի նախարարությունում, այլ հակառակը` խոչընդոտելու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` մեկնաբանելով գործադիր իշխանության հերթական օրենսդրական նախաձեռնությունը։
Կառավարությունը պատրաստել է զբոսաշրջային ոլորտում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակելու նախագիծ, որը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։ Նպատակն է հետվճարի` cashback-ի մեխանիզմի կիրառմամբ ավելացնել զբոսաշրջային այցելություններն ու Հայաստանում նրանց անցկացրած ժամանակը։ Ըստ նախագծի` նախատեսվում է 5 գիշերակացի դեպքում վերադարձնել զբոսաշրջային ընկերությունների կամ անհատ ձեռներեցների տրամադրած ծառայությունների արժեքների հանրագումարի 10%-ը, բայց ոչ ավելի, քան 20․000 դրամ, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների մատուցած փաթեթի դեպքում՝ արժեքի 15%-ը, բայց ոչ ավելի, քան 30 000 դրամ։ Նախագիծն ուղղված է զբոսաշրջային ընկերությունների օժանդակությանը, բայց փոխհատուցումը ստանալու են զբոսաշրջիկները։
«Զբոսաշրջային ընկերությունները երկրի ճանաչելիության բարձրացման համար բազմաթիվ խնդիրներ են լուծում, մարկետինգային քայլեր իրականացնում իրենց սեփական միջոցների հաշվին։ Կառավարության աջակցությունը պետք է ուղղված լինի ոլորտի ընկերություններին, քանի որ փոփոխվող աշխարհում ցանկացած տատանումների պարագայում առաջինը հենց այս ոլորտի մասնակիցներն են տուժում»,– ասաց Գևորգյանը։
Օրենսդրական առաջարկը մերժվեց ֆինանսների նախարարության բացասական եզրակացության պատճառով` չհասնելով գործադիր իշխանության քննարկմանը։
Դրա փոխարեն կառավարությունն այսօր առաջարկում է զբոսաշրջության բնագավառում ՀՀ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցված ծառայությունների արժեքների հանրագումարից որոշակի տոկոսների փոխանցում կատարել Հայաստան ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների վճարային քարտերին։
Գործադիր իշխանության այս նախաձեռնությանն էլ դեմ են ոլորտի տնտեսվարողները։
Մեր զրուցակցի հաշվարկով` այս միանվագ ակցիան նպատակին չի ծառայի։ Հետ ստացած գումարի շնորհիվ Հայաստան վերադարձողների թիվը, ըստ նրա, չի գերազանցի զբոսաշրջիկների 10 տոկոսը։
Փոխարենը մասնագետն առաջարկում է անիմաստ ծախսվող գումարի չափով ավելացնել կամ գոնե չնվազեցնել հայաստանյան զբոսաշրջության հնարավորությունները պետական մակարդակով արտերկրում ներկայացնելու` պետության ծախսերը։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru