«Հայաստանի ձկնաբուծության ոլորտի արտադրանքի ԵՄ արտահանմանն ուղղված կարողությունների զարգացում» ուսումնական ծրագիր

2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել բարձրորակ ձուկ և ձկնամթերք (սև խավիար և ձկնկիթ) Եվրոպական Միության անդամ պետություններ։
Այսօր, Եվրոպական Միությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Եվրոպական Հանձնաժողովի Առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANTE) հետ, պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ձկնաբուծության ոլորտի արտադրանքի ԵՄ արտահանմանն ուղղված կարողությունների զարգացում» ուսումնական ծրագիրը Երևանում։
Հնգօրյա ուսումնական ծրագրի նպատակն է ուժեղացնել հայկական պետական կառույցների և ձկնամթերք արտադրողների կարողությունները՝ բավարարելու ԵՄ սննդամթերքի անվտանգության, կենդանիների և հանրային առողջության ստանդարտներին։ Այն ներառում է գործնական դասընթացներ՝ հիգիենայի, հետագծելիության, HACCP համակարգի և ԵՄ արտահանման համար համապատասխանության վերլուծության վերաբերյալ։
«Սննդամթերքի անվտանգության ապահովումն ու որակի վերահսկումը ՍԱՏՄ հիմնական առաքելությունն է։ ԵՄ մասնագետների հետ այս համագործակցությունն ամրապնդում է մեր տեսչական համակարգը և միևնույն ժամանակ ուժեղացնում արտադրողների կարողությունները՝ հասնելու միջազգային ամենաբարձր ստանդարտներին»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նշել է ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը։
Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի՝ այս հնարավորությունը վկայում է ԵՄ-ի անշեղ հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացում։ «Դիմակայունություն և աճի ծրագրի միջոցով մենք բարձրացնում ենք սննդամթերքի անվտանգության մակարդակն ու ընդլայնում շուկաների հասանելիությունը։ Մենք դեռ կտեսնենք, թե ինչպես է Հայաստանի ձկնաբուծական ոլորտը մուտք գործում նոր շուկաներ՝ բերելով բարեկեցություն և կենսունակություն տեղական արտադրողներին ու գյուղական համայնքներին»,- աել է դեսպան Մարագոսը։
Դասընթացն անցկացնելու են երկու բարձրակարգ եվրոպացի մասնագետներ՝ Դեյվիդ Լայոնսը՝ Իռլանդիայի Սննդամթերքի անվտանգության մարմնի վերահսկողական քաղաքականության բաժնի ղեկավարը, և Սավվաս Ենարիսը՝ Կիպրոսի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության աշխատակիցը։ Նրանք ունեն ԵՄ սննդամթերքի անվտանգության, հետագծելիության և HACCP վերահսկման ծանրակշիռ միջազգային փորձ։
Ծրագրի ընթացքում կլինեն աշխատանքային հանդիպումներ՝ պետական մարմինների, արտադրողների և միջազգային գործընկերների մասնակցությամբ, սերտիֆիկացման, հիգիենայի, կենսապաշտպանության և ԵՄ կանոնակարգերի վերաբերյալ տեխնիկական դասընթացներ ՍԱՏՄ տեսուչների և սննդի ոլորտի տնտեսվարողների համար, գործնական սեմինարներ TRACES (Առևտրի վերահսկման և փորձաքննության համակարգ) և iRASFF (Սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգ) գործիքներով, ինչպես նաև դաշտային այցեր Արարատի մարզի ձկնաբուծական ֆերմաներ և վերամշակման գործարաններ՝ տեղում գնահատման և խորհրդատվության նպատակով։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է՝ միտված ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում համապարփակ և կայուն տնտեսական զարգացմանն ու առևտրի դյուրացմանը: