Հանդիպում Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի բնակիչների հետ

Հանդիպում Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի բնակիչների հետ
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Մինչ այդ մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների, զբաղվածության ուղղությունների, գյուղատնտեսական արտադրանքի իրացման մասին։
Այնուհետև բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ ևս մարզպետը կարևորել է նրանց հետ ամիջական և անկաշկանդ շփումները, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու և լուծումները համատեղ քննարկելու հանգամանքները։Նա ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը, սահմանված առաջնահերթությունները։
Մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը անդրադարձել է կրթական ոլորտի բարեփոխումներին, «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրման խնդիրներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին դպրոցների միավորման դեպքում մի շարք գործընթացների կազմակերպմանը, գյուղոլորտի պետական աջակցության և ապահովագրության ծրագրերին, գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորություններին,երիտասարդների զբաղվածությանը, բնակավայրից մարզկենտրոն կանոնավոր տրանսպորտի խնդրին և այլն։
Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, ներկայացվել մանրամասն տեղեկություններ։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ չնայած վերջին տարիներին երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերների՝ տարբեր ոլորտներում՝ դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, սոցիալական, առողջապահական բնագավառների բարեփոխումներ և այլն/ հստակ արձանագրվում են առաջընթացներ։ Նա հավելել է, որ բնակիչների մտահոգություններն իրենց ուշադրության կենտրոնում են, դրանց լուծման անհրաժեշտությունը՝ ամենօրյա աշխատանքի անբաժան մասը։