NEWS.am. Երևանի քաղաքապետարանը խոշոր տուգանք է սահմանել հայտնի կառուցապատողի նկատմամբ. ի՞նչ խախտումներ են արձանագրվել

NEWS.am. Երևանի քաղաքապետարանը խոշոր տուգանք է սահմանել հայտնի կառուցապատողի նկատմամբ. ի՞նչ խախտումներ են արձանագրվել

Երևան քաղաքում բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ շենքերի և համալիրների կառուցապատման օբյեկտների համար տրամադրված շինարարական թույլտվությունների ժամկետների խախտման հիմքով այս տարվա երեք ամիսների ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ երեք արձանագրություն է կազմվել: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից:

Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ շինարարական թույլտվության ժամկետի խախտման հոդվածքով 2025 թվականի փետրվարի 5-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել «Սոխոսենթր» ՍՊԸ-ն: Ըստ վարչական ակտի հիմնավորման՝ Կողբացի փողոց հ․36/3 հասցեում կառուցապատող «Սոխոսենթր» ՍՊԸ տնօրեն Հարություն Խաչատրյանին բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար Երևան համայնքի կողմից 01․11․2023թ․ տրված հ․01/18-Դ-127350-2204 շինարարական  թույլտվությամբ  սահմանված է 3 ամիս ժամկետ, սակայն 10․12․2024թ․ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքն այս հասցեում փաստացի ավարտվել են, իսկ օբյեկտի շահագործման  ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ: Հիշյալ խախտման համար քաղաքապետարանը «Սոխոսենթր» ՍՊԸ-ին տուգանել է 39,6 մլն դրամով:

Նշենք, որ հիշյալ ընկերության հետ կապված դեռևս 2023 թվականին քրեական վարույթ էր հարուցվել: Գործով անցնում էին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդին՝ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանը։

Դեռևս նախորդ տարվա ապրիլին Երևան քաղաքի դատախազության և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությամբ՝ որոշվել էր Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։

Հաջորդ կառուցապատողը, որին քաղաքապետարանը պատժել է խոշոր տուգանքով, «Օլդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն է, որն Արաբկիր վարչական շրջանում իրականացնում է մայրաքաղաքի խոշորագույն քաղաքաշինական ծրագրերից մեկը՝ «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի շինարարությունը:

Նյութն ամբողջությամբ՝  news.am