Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական 2 ծրագրերի ընթացքին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել «Նոր Երևան» և «Ավան Թաուերս» բնակելի թաղամասերի շինարարական հրապարակներում, որտեղից բնակարաններ են բաշխվել 1143 հանրային ծառայողի։
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցապատման ներդրումային 2 ծրագրերի իրագործմանը հետևելու նպատակով կոմիտեի նախագահը կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանի հետ տեղում դիտարկել է շինարարության ընթացքը, աշխատանքների որակը, շինարարական հրապարակի կազմակերպումը, քննարկել կիրառվող շինարարական նյութերի, տեխնոլոգիաների վերաբերյալ հարցեր։
Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջաններում կառուցվող երկու թաղամասերի դեպքում էլ շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Կառուցապատողը վստահեցրել է, որ շինարարության առաջանցիկ տեմպերը հաշվի առնելով՝ հնարավոր է՝ բնակարանները նախատեսված ժամկետից շուտ հանձնվեն բնակիչներին։
«Կարևորում եմ, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բոլորը թաղամասային կառուցապատման ծրագրեր են, որոնց շնորհիվ ձևավորվում է քաղաքաշինական միջավայր՝ կանաչ գոտիներով, խաղահրապարակներով, մարզադաշտերով, տարբեր ենթակառուցվածքներով։ Սա պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրի պարտադիր պայմանն է։ Հանրային ծառայողներն օգտվում են շուկայական արժեքից մատչելի բնակարան ձեռք բերելու, եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից՝ ստանալով նաև գեղեցիկ ձևավորված միջավայր։ Իսկ պետությունը երաշխավորում է կառուցապատման ծրագրերի լիարժեք իրագործումը»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ ՀՀ կառավարության կողմից հաստատված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագիրը» մեկնարկել է 2014 թվականին։ 9 ծրագրերի շրջանակում հանրային ծառայողներին բաշխվել են 3314 բնակարաններ և 2336 ավտոկայանատեղիներ։