Սյունիքի Որոտան, Խոտ և հարակից բնակավայրերի բնակիչները կունենան այլընտրանքային անվտանգ ճանապարհ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ և փակվեց Որոտան համայնքը Գորիսին կապող նախկին ճանապարհը, խիստ արդիական դարձավ այլընտրանքային Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցումը։ Այս օրերին այնտեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։
Լրագրողների խումբը ՏԿե նախարարության ուղեկցությամբ այցելեց վերոհիշյալ տեղամաս և տեղում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին։ Որոտան-Խոտ հատվածի կապալառուն՝ «Ճանապարհ» ընկերությունն է, իսկ նախագծողն ու տեխնիկական հսկողությունն իրականացնողը՝ «Մոդուլ» ընկերությունը։ Վերակառուցվող հատվածի ընդհանուր երկարությունը 10.3 կիլոմետր է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,234,691,588 դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2022-25 թվականներին:
Աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքների կառուցում, ասֆալտբետոնե երեք շերտի տեղադրում։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողներին հայտնեց, որ Խոտ-Որոտան ճանապարհը ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։
«Ծրագիրը նախագծային առումով բավականին թանկ է։ Այստեղ՝ ի տարբերություն մեր հիմնական ծրագրերի, կառուցվում է նոր ճանապարհ։ Շինաշխատանքներն առաջ են գնացել որոշակի բարդություններով՝ կապված տեղանքի յուրահատկությունների հետ, ուստի տրվել են նախագծային նոր լուծումներ։ Այս պահին հողային աշխատանքներն ավարտական փուլում են, և պլանավորում ենք մեկնարկել հիմքի աշխատանքների հաջորդ փուլը։ Խնդիրներն այստեղ պայմանավորված են եղել ջրի կուտակումներով և քարաթափմամբ, սակայն այս պահին նման խնդիրներ չկան»,- հավաստիացրեց ՏԿԵ նախարարը։
Խուդաթյանը հավելեց, որ ճանապարհը բավականին անվտանգ է և տալու է ժամանակի էական խնայողություն։ Տվյալ ճանապարհը մարզի բնակավայրերի միջև դառնալու է էական օղակ և ծառայելու է ոչ միայն նշված երկու համայնքների բնակիչներին։