Հայաստանում արհեստական բանականության հիման վրա գործող միջազգային և տեղական ընկերությունների թիվը 2022-ից ավելացել է. Ռուբեն Սիմոնյան

Հայաստանում արհեստական բանականության հիման վրա գործող միջազգային և տեղական ընկերությունների թիվը 2022-ից ավելացել է. Ռուբեն Սիմոնյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Silicon Mountains 2025 տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն դառնում է մի գործիք, որը բարձրացնում է արդյունավետությունը բոլոր ոլորտներում:

Սիմոնյանն անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի հիման վրա գործող միջազգային և տեղական ընկերություններին՝ նշել է, որ  դրանց թիվը 2022թ․-ից ավելացել է, և նրանցից շատերը արտասահմանյան ընկերություններին, կորպորացիաներին և կառավարություններին առաջարկում են թվայնացման և արհեստական բանականության իրենց լուծումները: Այս համատեքստում Ռուբեն Սիմոնյանը կարևորել է նաև հայկական ընկերությունների կողմից արտահանվող պրոդուկտների՝ գործիքների, լուծումների կիրառումն ու թողարկումը Հայաստանում:

Նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստանում թվայնացման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք ոլորտներ, ծրագրեր կդառնան ավելի կառավարելի և արդյունավետ:

Ֆորումի բացմանը ելույթով հանդես են եկել նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների  (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումը կազմակերպվում է 2019 թվականից՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից:

2024 թվականից միջոցառման շրջանակները ընդլայնվել են դեպի մարզեր՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական առաջընթացն առավել լայն տարածել ՀՀ ողջ տարածքում։

Այս տարի Silicon Mountains 2025 Լոռի ֆորում և էքսպոն անցկացվում է Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում: Ֆորումը համախմբում է ոլորտի միջազգային առաջատարներին և ներկայացուցիչներին, Հայաստանի տեխնոլոգիական առաջնորդներին և պետական գործիչներին՝ ստեղծելով մեկ հարթակ, որտեղ քննարկվել են երեք հիմնական թեմաներ՝ արհեստական բանականություն և ավտոմատացում, խելացի թվային ենթակառուցվածքներ և կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն, ինչպես նաև տարբեր թեմաների և մարտահրավերների շուրջ լուծումները, տնտեսության ճյուղերում թվային տարբեր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման ուղղությունները:

Silicon Mountains 2025 ֆորումի և էքսպոյի հատուկ հյուրն այս տարի Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թվականի դափնեկիր, համաշխարհային ճանաչում ունեցող ինժեներ և գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարան է: