Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը հնարավոր կլինի ստանալ նաև փոստային առաքմամբ

Տրանսպորտային միջոցների առուվաճառքը թվային հարթակում իրականացնելու նախաձեռնության շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Տվյալ հնարավորությունը թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն առաքել հաշվառման համարանիշը»,- ասաց նախարարը:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ սա հավելյալ ծառայություն է, և եթե քաղաքացին չունի ցանկություն՝ օգտվելու այս ծառայությունից, ապա կարող է կիրառել գործող տարբերակը, այն է՝ ստանդատ ձևաչափով ֆիզիկական այցելություն հաշվառման քննական ստորաբաժանումներ:
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: