Ստեղծել հիմքեր Կառավարության սեփականություն հանդիսացող ռազմական արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար

«Սույն նախագծով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի՝ մենք ՀՀ կառավարությանը լիազորում ենք, որպեսզի Կառավարությունը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում առկա ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին տրամադրի ռազմամթերք, զենք և ռազմական նշանակության ապրանքներ:
Եվ բնակաբանար, ռազմարդյունաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի, զինամթերքի ստացման Պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիակականացման կամ զենքի, ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնի»,- ասաց արտահերթ նիստ նախաձեռնողի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ այս պահի դրությամբ սկզբունքային առարկություններ չունի:
Հիմնական զեկուցող Տրդատ Սարգսյանն իր հերթին նշեց՝ օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը:
«Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական և տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից: ՀՀ-ն կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև, և այս իրողության պայմաններում մեր պետության ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել է խիստ անհրաժեշտություն»,- ասաց Սարգսյանը:
Նախագծով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ փորձարկումների իրականացման համար:
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով իրավական հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության համար իր որոշման համաձայն օտարել ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ կառավարության 2016 թվականի N 920-Ն որոշմամբ սահմանված ամփոփ ցուցակում գրանցված սուբյեկտներին:
Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում և այս ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումներ իրականացնող սուբյեկտներին պարբերաբար տարբեր նպատակներով տրամադրել զենք, զինամթերք, սակայն օրենսդրությամբ Կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէ:
«Ելնելով այս փոփոխության տրամաբանությունից՝ ակնկալում ենք հետևյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում»,- պարզաբանեց պատգամավորը: