ՎԶԵԲ-ը և ԿԿՀ-ն աջակցում են «կանաչ» ներդրումներին Հայաստանում

ՎԶԵԲ-ը և ԿԿՀ-ն աջակցում են «կանաչ» ներդրումներին Հայաստանում

Բիզնեսները Հայաստանում այժմ ավելի մեծ հնարավորություն կունենան «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող 15 միլիոն ԱՄՆ դոլարի (13.3 միլիոն եվրո) վարկի շնորհիվ, որը կտրամադրվի «Ինեկոբանկին»-ին՝ կորպորացիաներին և ՓՄՁ-ներին «կանաչ» ներդրումների համար վարկավորելու նպատակով։

ՎԶԵԲ-ը 11.25 միլիոն ԱՄՆ դոլար (10 միլիոն եվրո) կտրամադրի, իսկ ԿԿՀ-ն կհամաֆինանսավորի 3.75 միլիոն ԱՄՆ դոլարի չափով (3.3 միլիոն եվրո)։ ԿԿՀ-ն աշխարհի ամենամեծ միջազգային կլիմայական հիմնադրամն է։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո և զարգացող երկրներում աջակցում է ցածր արտանետումներով և կլիմայադիմակայուն ծրագրերին։ 

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների հարցերով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «Ինեկոբանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանի միջև՝ ՎԶԵԲ-ի 2025թ․ Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի շրջանակում՝ Լոնդոնում։ Սա ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում իրականացվող չորրորդ գործարքն է ՎԶԵԲ-ի և «Ինեկոբանկ»-ի միջև։

«Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը» (GEFF) շրջանակ է, որը մշակվել է՝ աջակցելու բիզնեսներին՝ դեպի «կանաչ» տնտեսություն վերջիններիս անցման և կլիմայի փոփոխություններին հարմարվողականության և մեղմացման տեխնոլոգիաների համար ներդրումներ կատարելու հարցում։ Այս տեխնոլոգիաները նաև նպաստում են, որպեսզի բիզնեսները բարձրացնեն արտադրողականությունը և կրճատեն ծախսերը։

«Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը» (GEFF) կնպաստի Հայաստանում «կանաչ» տնտեսության ձևավորման գործում՝ աջակցելով «կանաչ» ֆինանսավորման ընդլայնմանը՝ ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության անցման (GET) մոտեցման շրջանակում։ Հնարավոր ներդրումները ներառում են էներգետիկ և ջրային ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովող տեխնոլոգիաները, ինչպես օրինակ՝ ջերմամեկուսացումը, արևային ֆոտովոլտային վահանակները, երկրաջերմային ջեռուցման պոմպերը, էլեկտրական տրանսպորտային միջոցները և էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքները, ինչպես նաև ջրախնայող ոռոգման համակարգերը։

Այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են «կանաչ» տեխնոլոգիաների համար վարկ ստանալու հարցում, կարող են օգտվել նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամների   կողմից ֆինանսավորվող ներդրումային խթաններից։

«Ինեկոբանկ»-ը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է և ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերը։ Բանկն ունի մեծ ներուժ՝ հասնելու կորպորատիվ հաճախորդներին և ՓՄՁ-ներին, այդ թվում նաև տեխնոլոգիաների մատակարարներին, արտադրողներին, վաճառողներին և տեղադրողներին, որոնք կարող են շահել «կանաչ» տեխնոլոգիաներից։

1992 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը իրականացրել է 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ 224 ծրագրերի շրջանակներում Հայաստանում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, որոնց 84 տոկոսը բաժին է ընկել մասնավոր հատվածին։