ՎԶԵԲ-ը Հայաստանում ընդլայնում է համագործակցությունը «Ամերիաբանկ»-ի հետ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (RSF) համաձայնագիր է ստորագրել «Ամերիաբանկ»-ի հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Ռիսկի բաշխման շրջանակի (RSF) համաձայն ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է «Ամերիաբանկ»-ի կողմից իրավասու վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս վարկերը կաջակցեն տեղական բիզնեսների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, վերջիններիս կօգնեն ընդլայնել իրենց գործառնությունները և բարձրացնել նրանց կլիմայադիմակայունությունը։
Համաձայնագիրը Լոնդոնում ստորագրվեց ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրեն Հովհաննես Տորոյանի կողմից՝ ՎԶԵԲ-ի 2025թ․ Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի շրջանակներում։
Ռիսկի բաշխման շրջանակը (RSF) ՎԶԵԲ-ի հիմնական ֆինանսավորման մեխանիզմներից մեկն է, որն ուղղված է տեղական մասնավոր ընկերություններին աջակցությանն ու զարգացմանը։ ՎԶԵԲ-ը գործընկեր բանկերին առաջարկում է ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկի մասնակցության մեխանիզմներ՝ արտարժույթով կամ տեղական արժույթով՝ համաֆինանսավորելով և երաշխավորելով գործընկեր բանկերի կողմից իրավասու ընկերություններին տրամադրվող վարկերը։
«Ամերիաբանկ»-ը Հայաստանում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների առաջատար տրամադրողներից է, ինչպես նաև ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկեր բանկերից մեկը։
Ռիսկերը բաշխելու գործիքների միջոցով ընկերությունների մրցունակության խթանումը և աջակցությունը ֆինանսական միջնորդությանը հանդիսանում են Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից երկուսը։ ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն արդեն իսկ իրականացրել է ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ 224 ծրագրերի շրջանակներում, որոնց մեծ մասն ուղղվում է մասնավոր հատվածին։