ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։
Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։
Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։