Խնդիրները միայն երեք–չորս բանկերում են․ ԿԲ-ն ուսումնասիրում է բանկային զեղծարարությունները

Կենտրոնական բանկ, հետո՝ նաև Հակակոռուպցիոն կոմիտե․ վարկային զեղծարարություններին զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք պատկան կառույցներից պահանջել են զեղծարարությունների դեմ լուծումներ գտնել։ Կենտրոնական բանկի նախագահը օրերս հայտարարել էր, որ զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկա պահին սառեցված են։ Բայց քաղաքացիները հայտարարել են, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Բանկային զեղծարարությունների զոհ դառնալ, գումար կորցնել՝ անգամ չիմանալով այդ մասին։ Տուժած քաղաքացիները գլխավոր դրամատան դիմաց կրկին բողոքի ակցիա են անցկացրել։ Վերգինե Առաքելյանը նրանցից մեկն է։ Զեղծարարության զոհ է դարձել է 2023–ին․
«Որպես այդպիսին, տեղեկություն չեմ տրամադրել, թվեր՝ նույնպես։ Եթե զեղծարարն ունի նման տեղեկություն, դա արդեն բանկի խնդիրն է։ Կասկածներ ունենք, որ բանկից տվյալների արտահոսք է եղել։ Ես գրել եմ միայն հաշվեհամարը, որ վաճառքի գումարը փոխանցի։ Դրանից հետո երկու–երեք անգամ ծրագիրը կախում էր․ պարզվում է, որ վարկ է ձևակերպվել 1 մլն 348 հազար դրամ»։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանի խոսքով՝ 10 հազարից ավելի քաղաքացի է զոհ դարձել զեղծարարություններին։ Քրեական վարույթներ են հարուցվել ՝ ոչ օրինաչափ և ապօրինի վարկային պայմանագրի հիմքով․
«Քրեական վարույթի շրջանակում փնտրվում է զեղծարարը, որպեսզի կանգնի դատարանի առաջ, և բանկը պետք է պահանջներ ներկայացնի այն քաղաքացուն, որին ինքը վարկ է տրամադրել։ Այս տրամաբանությամբ է Քննչական կոմիտեն աշխատելու․ մենք այսքանից ավելի նրանցից պահանջել չենք կարող»։
Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է ներկայացրել Կենտրոնական բանկի ղեկավարին։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը․
«Բանկային զեղծարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս: Վերջին ժամանակահատվածում այլ պետությունների հետ համագործակցությամբ բացահայտվել են նաև դեպքեր, երբ այլ պետություններում կատարված հանցագործությունների դերակատարները նաև ՀՀ քաղաքացիներ են»:
Պողոսյանի խոսքով՝ հանձնաժողով է ձևավորվել, որը հիմա աշխատում է: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը օրերս հայտարարեց, որ բոլոր դեպքերն ուսումնասիրելու են առանձին-առանձին։ Այդ ուսումնասիրությունը ցույց կտա, թե որոնք են հիմնական խնդիրները՝ սխալ կարգավորումնե՞րը, համակարգերի թերի պաշտպանվածությո՞ւնը, թե՞ վերահսկողության պակասը։
«Մենք ենք բանկերին ուղղորդել ու հորդորել լուծման ճանապարհներ գտնել։ Այս պահին ճանապարհն այն է, որ սառեցվում են այն պարտավորությունները, որոնք առաջացել են դեպքերի պատճառով։ Կարևոր է, որ նորարարությունը ճիշտ ուղղորդված լինի։ Եթե ծայրահեղացնենք, որ միայն բանկում հնարավոր լինի վարկ ձևակերպել, կամ հակառակը, կունենանք չափազանց վատ դեպքեր։ Փորձում ենք հասկանալ, թե որն է այն ոսկե միջինը, որով կունենանք նորարարություն, բայց նաև պաշտպանված սպառող»։
Մարտին Գալստյանի տեղեկացմամբ՝ ֆինանսական զեղծարարություններով ձևակերպված վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր միջոցների 0,1 տոկոսն է կազմում։ Խոսքը, բոլոր դեպքերում, ֆիզիկական անձանց մասին է։ ԿԲ նախագահը կարծում է, որ պատասխանատուն այն կառույցն է, որտեղ խնդիրն առաջացել է։
«Թե՛ անվտանգության, թե՛ պրոդուկտի տրամադրման տեսանկյունից դինամիկան մեծ է։ Ուստի հետևել բոլոր պրոդուկտների մուտքերին շուկա հնարավոր չէ։ ԿԲ–ն չունի 7․500 աշխատող, որ այդքան պրոդուկտ նայեն։ ԿԲ բանկերի վերահսկողության բաժնում մեկ տասնյակ մարդ է աշխատում։ Նրանք զբաղված են բանկերի վերահսկողությամբ, պորդուկտներով։ Խնդիրները հասկանում ենք, փորձում ենք արագ լուծել»։
Բանկային զեղծարարությունները վերջին չորս-հինգ տարիներին են ավելացել Հայաստանում։ ԿԲ նախագահը տեղեկացրեց նաև, որ զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերը սառեցվել են։ Բողոքող քաղաքացիները հակառակն են պնդում․ ասում են՝ նման բան չկա։ ՀՀ կենտրոնական բանկը ներկա պահին քննարկում է նույնականացման խստացման հարցը:
Աղբյուրը՝ hy.armradio.am