ԵՄ-ն սկսել է միլիարդներ ներդնել Ուկրաինայի ռազմարդյունաբերության ոլորտում

ԵՄ-ն սկսել է միլիարդներ ներդնել Ուկրաինայի ռազմարդյունաբերության ոլորտում

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է շուրջ 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրում։ Այս մասին Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա համագործակցությանն ուղղված պաշտպանության արդյունաբերության կոնֆերանսի ընթացքում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիսը:

Ըստ Ֆրիսի՝ արդեն ստորագրվել են առաջին պայմանագրերը, իսկ միջոցներն ուղղվելու են Ուկրաինայի ռազմական առաջատար տեխնոլոգիաների՝ մասնավորապես ԱԹՍ-ների և հրթիռների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ Կիևն արդեն ունակ է ռազմարդյունաբերական ոլորտում փորձ և նորարարություն փոխանցել եվրոպական կողմին, ինչի շնորհիվ համագործակցությունն արդյունավետ կլինի երկու կողմերի համար։ Բացի այդ, կողմերը կհիմնեն ռազմատեխնիկական համագործակցության նոր հանձնաժողով, որը կզարգացնի ոլորտային կապերը։

Ֆրիսը նաև հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Եվրոպան նախատեսում է ծախսել հավելյալ 900 միլիոն եվրո Ուկրաինայի համար զենք և զինամթերք ձեռք բերելու նպատակով։

Նշենք, որ ավելի վաղ գերմանական Rheinmetall ռազմական հսկայի ղեկավար Արմին Պապերգերը հայտարարել էր, որ ընկերությունը Ուկրաինայում մինչև 2026 թվականը կավարտի ռազմամթերքի գործարանի շինարարությունը, և գործարանի պլանավորած տարեկան 150 հազար արկի թողարկման ծավալը զգալիորեն կաճի։

Ըստ Լեհաստանի ԵՄ գործերով նախարար Ադամ Շլապկայի՝ Ուկրաինան, 2022 թվականին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, ստացել է ընդհանուր առմամբ 147 միլիարդ եվրո ֆինանսավորում ԵՄ-ից, որից 50.3 միլիարդը հատկացվել է ռազմական օգնության նպատակով։