Գևորգ Պապոյանն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին

Գևորգ Պապոյանն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Քննարկման օրակարգում էին ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում փոփոխությունների անհրաժեշտությանը։

 Իր խոսքում նախարարը նշել է․ «Պետության գործառույթն է ապահովել արդար ու մրցակցային բիզնես միջավայր։ Երբ կա առողջ մրցակցություն, շահում է սպառողը։ Մեր նպատակն է կատարել փոփոխություններ, որոնք կդարձնեն մրցակցությունն ավելի թափանցիկ, արդյունավետ ու նպաստավոր բոլորի համար»։

 Նախարարը ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը հանձնարարել է քննարկված հարցերի վերաբերյալ ՄՊՀ-ի հետ համատեղ մշակել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն ոլորտում առավել հստակեցված կարգավորումների ապահովմանը։