Փոշու կոնցենտրացիան մայիսի 11-ին Երևանի կենտրոնում 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20 մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով։
Ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևան քաղաքի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերակվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ նախորդող օրերի համեմատությամբ՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, ինչը 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Նախորդ օրը՝ մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։
Մայրաքաղաքի մյուս դիտակայաններում փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություններ չեն արձանագրվել, և գրանցված կոնցենտրացիաները գտնվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում, ինչը ենթադրաբար պայմանավորված է ուժեղ քամուն անմիջապես հաջորդած մթնլորտային տեղումներով։