Արմավիրի մարզպետն այցելել է Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայր

Համայնքային այցերի շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Երասխահուն բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։
200 աշակերտի և 80 մանկապարտեզի սանի համար նախատեսված կրթահամալիրի կառուցման արժեքը կազմում է 1 մլրդ 183 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ մարզի ղեկավարը քննարկել է նախագծային լուծումները՝ կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և սահմանված ժամկետների պահպանումը։
Այցի շրջանակում ծանոթացել է նաև բնակավայրում գործող հին դպրոցի շենքային պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման առկա հնարավորություններին և դրանց հնարավոր բարելավմանը՝ նոր կրթահամալիրի գործարկումից հետո։