Տրանսպորտային միջոցի առուվաճառքի գործընթացը կթվայնացվի

Տրանսպորտային միջոցի առուվաճառքի գործընթացը կթվայնացվի

Տրանսպորտային միջոցի առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմունքով տրանսպարտային միջոցի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները կթվայնացվեն։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, մայիսի 8-ին կայացած ՀՀ կառավարության նիստին ներկայացնելով փոփոխությունների նախագիծն, ասաց. «Եթե նախկինում մեր քաղաքացիները տրանսպորտային միջոցի առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման, ինչպես նաև սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները պետք է անեին հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, ապա այս նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով իրականացնել ամբողջ գործընթացը»։

Նրա խոսքով՝ եթե անձն ունի տրանսպորտային միջոց, որը ցանկանում է առուվաճառքի առարկա դարձնել, թվային հարթակով ընտրում է այն տրանսպորտային միջոցը, որը պետք է վաճառի, և ինքնաշխատ եղանակով կազմվում է առուվաճառքի պայմանագրի նախագիծը։ 

«Վաճառողն ընդամենը պետք է ֆիքսի տրանսպորտային միջոցի գինը, ըստ դրա՝ համակարգն ինքնաշխատ եղանակով ստուգում է՝ արդյոք տվյալ տրանսպորտային միջոցն ունի հետախուզումներ, գրանցված համասեփականատերեր։ Եթե կա համասեփականատեր, վաճառողը պետք է կցի նրա կողմից տրված համաձայնությունը։ Ինքնաշխատ եղանակով ստեղծվում է պայմանագիր, և քաղաքացին կարողանում է էլեկտրոնային ստորագրություն թողնել համակարգում։ Երբ պայմանագիրը պատրաստվում է, համակարգն ավտոմատ կերպով այն ուղարկում է  գնորդին, եթե գնորդը համաձայնվում է առաջարկին, նա ևս ստորագրում է պայմանագիրն, ու առուվաճառքի տրամաբանությամբ գործարքը համարվում է  կնքված, և մենք կարողանում ենք հարթակի միջոցով նաև սեփականության իրավունքի փոփոխություն իրականացնել»,-մանրամասնեց նախարարն ու հավելեց՝ թվային լուծումները գրեթե պատրաստ են։ 

Նա առաջարկեց կարգավորումներն ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ինչից հետո քաղաքացիները կկարողանան այդ ամենն իրականացնել բացառապես թվային եղանակով, թվային հարթակում՝ չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանումներ։

Հարթակը հնարավորություն կտա գործարքներ իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին  ու ժամերին։

Սարգսյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ ՀՀ ներքին գործերի նախարարությունը ծառայում է նաև որպես կադաստր՝ լիզինգից բխող պարտավորություններից գրանցման, մեքենաների գրավադրման դեպքում գրավի իրավունքի գրանցման համար։ «Եթե անձը վարկով տրանսպորտային միջոց է ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը գրավի իրավունքը պետք է գրանցի մեզ մոտ, ինչը ևս ենթադրում է այցելություն հաշվառման քննական ստորաբաժանում։ Ֆինանսական կազմակերպությունները ֆիզիկական անձին տալիս են լիազորագիր, որպեսզի նա այցելի ու իր շահերից բխող գործարքն իրականացնի հաշվառման քննական ստորաբաժանումում։ Հարթակում դա ևս կլինի ինքնաշխատ եղանակով։ Պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանանք գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում։ Նույնը նաև լիզինգի մասին է։ Եթե ֆինանսական կազմակերպությունն ունի ձեռքբերված տրանսպորտային միջոց, որը լիզինգի պայմանագրով տրամադրում է անձին, ապա լիզինգի իրավունքը գրանցվում է հարթակում՝ կրկին չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանում»,-եզրափակեց Արփինե Սարգսյանը։