Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ Կոմիտեի կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին: Ներկայացվել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր։ Մասնավորապես, քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։ Միաժամանակ, կարևորվել է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի առավելությունները։ Անդրադարձ է կատարվել նաև արտարժույթով արտահայտված գործարքների շրջանակում հարկման բազաների և սկզբնական արժեքների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կուրսի կիրառման կարգավորումներին։
Կոմիտեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի և այլ հարցերի շուրջ։