Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ:

Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթի նմանվող հեղուկով տարա, որի վրայի գրառումը վնասված էր: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մեթադոնային լուծույթ է:

Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա գործողություններով իրավապահները պարզեցին այն անձի ինքնությունը, որից դավթաշենցին ձեռք էր բերել մեթադոնային լուծույթը: Մայիսի 1-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց մայրաքաղաքի Ազատ Շերենցի փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվեց երկու փաթեթ` մոտ 100 գրամ կանեփի սերմի, երեք փաթեթ` ավելի քան 15 գրամ մարիխուանայի և մեկ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, մոխրացած հետքերով 7 կաթուցիչ ու մեկ ծխամորճ և աղաց:

Տանտերը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: