ՆԳՆ-ն պարեկների համար 1 մլրդ 316 մլն 550 հազար դրամի 67 էլեկտրամոբիլ է ձեռք բերել

2025-ին 1 մլրդ 316 մլն 550 (մոտ 3,5 մլն դոլար) հազար դրամի էլեկտրամոբիլներ են ձեռք բերվել պարեկների համար: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցման, տեղեկացրել են ՆԳ նախարարությունից:
ՆԳՆ-ից մասնավորապես կայքը հետաքրքրվել էր՝ քանի՞ էլեկտրամոբիլ է ձեռք բերվել և ինչ գնով ու արտադրության և որ կազմակերպության միջոցով:
«2025 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը համալրվել է 67 միավոր «Volvo EX40» մակնիշի էլեկտրամոբիլներով (Volvo ապրանքանիշը Շվեդական ապրանքանիշ է), որոնք ձեռք են բերվել «Ավանգարդ» ՍՊԸ-ից, միավոր արժեքը՝ 19 մլն 650 հազար ՀՀ դրամ, պայմանագրի ընդհանուր գումարը՝ 1 մլրդ 316 մլն 550 հազար ՀՀ դրամ»,- ասված է նախարարության պատասխանում:
Միաժամանակ խնդրել էին տեղեկացնել, արդյոք նախատեսվում է նոր էլեկտրամոբլիներ ձեռք բերել պարեկների համար:
«Առաջիկայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության համար էլեկտրամոբիլներ չի նախատեսվում ձեռք բերել, այլ ծառայությունների համար նախատեսվում է»,- պատասխանել են ՆԳՆ-ից: