2020 թվականից՝ Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2.2 միլիոն ուղևոր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության մեջ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաեւ առկա չէ սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին:
Նա հավելել է, որ չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող եւ ագրեսիվ առեւտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:
Նախաձեռնությամբ նախատեսվել են կարգավորումներ, որոնք ուղղված են վերոնշյալ խնդիրների լուծմանը: Մասնավորապես, ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը՝ որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին: Ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առեւտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսեւորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները: Սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար սահմանվել է պատասխանատվություն:
Ըստ նախարարի՝ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ: Նախաձեռնությամբ սահմանվել են նաեւ այլ կարգավորումներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փոխարեն ունենալու ենք Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով»,- մասնավորապես ասել է հարակից զեկուցողը՝ խոսելով նախատեսված կարգավորումների վերաբերյալ: