Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա

Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա

Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։

Տոմսերը արդեն հասանելի են վաճառքի պաշտոնական կայքում՝ wizzair.com հասցեով, ինչպես նաև ավիաընկերության բջջային հավելվածում՝ սկսած ընդամենը 29.99 եվրոյից։

2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ ուղևորները կարող են վայելել նոր ուղիղ չվերթների հարմարավետությունը՝ Երևանի և Բուխարեստի, Համբուրգի, Նեապոլի, Նիցցայի, Մեմինգենի, Պաֆոսի և Պրահայի միջև։ Wizz Air-ը առաջարկում է պարզ և հարմարավետ տարբերակներ՝ այցելելու ձեր ընտանիքին ու սիրելիներին կամ վայելելու արձակուրդը այս հետաքրքիր և գեղեցիկ քաղաքներից մեկում։

Ավիաընկերությունը նաև մեծացնում է Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ 2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի 17 ուղղություն դեպի10 երկրներ՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն տեղ ուղևորների համար։

Այս ընդլայնումը հնարավոր դարձավ Wizz Air-ի 34-րդ բազայի բացման շնորհիվ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ: Այս ինքնաթիռները նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև աղմուկի 50%-ով նվազեցում: Այս ինքնաթիռները կազմում են Wizz Air-ի նավատորմի մոտ երկու երրորդը, որի միջին տարիքն 4.67 տարի է՝ ուստի համաշխարհային մակարդակով այն ամենաերիտասարդներից մեկն է:

Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ (առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ): Անիվավոր ճամպրուկների և գրանցված ուղեբեռի այլ տեսակների համար գանձվում է լրացուցիչ վճար։ Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։

2020 թվականից՝ Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2.2 միլիոն ուղևոր՝ նպաստելով ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում շուրջ 2,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Երևանում բազայի բացման շրջանակում ընկերությունն նախատեսում է իր թիմում ներգրավել մոտ 100 նոր աշխատակից՝ բորտուղեկցորդներ և օդաչուների անձնակազմի անդամներ։ Սպասվող ուղևորահոսքի աճը կնպաստի նաև հարակից ոլորտներում մոտ 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում բազայի բացման մասին հայտարարելով Wizz Air Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները նշեց․

«Wizz Air-ը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան 2020 թվականին, երբ Վիեննայից մեր առաջին չվերթը վայրէջք կատարեց Երևանում: Այդ ժամանակվանից ի վեր մենք տեղափոխել ենք ավելի քան 2.2 միլիոն ուղևոր Հայաստանի և Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք ուրախ ենք հայտարարել Wizz Air-ի առաջին բազայի բացման մասին Երևանում, որը կլինի մեր ցանցում 34-րդը և թույլ կտա մեզ գրեթե կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաքից ուղիղ չվերթների քանակը: Դառնալով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հիմնական փոխադրողը՝ մենք տարեկան կապահովենք գրեթե 1.2 միլիոն ցածրարժեք ավիատոմս ինչպես հայ ուղևորների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

Ամրապնդելով մեր առաջատար դիրքը հայկական շուկայում՝ մենք հպարտ ենք արժեքավոր ներդրում ունենալ երկրի տնտեսության և զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում՝ ստեղծելով աշխատատեղեր և բարելավելով ճանապարհորդների համար տրանսպորտային հասանելիությունը»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը ընդգծեց միջազգային հեղինակավոր, լայն տրանսպորտային ցանց ունեցող ավիաընկերությունների ներգրավման կարևորությունը Հայաստանի ավիացիոն շուկա։

«Սա ոչ միայն կնպաստի թռիչքների աշխարհագրության ընդլայնմանը, այլև կներդնի մեր երկրում արտասահմանյան բիզնես մշակույթի նոր մոտեցումներ։ Առաջատար միջազգային ավիաընկերություններին ներգրավելուց բացի, մենք բարձր ենք գնահատում տեղական փոխադրողների դերը Հայաստանի Հանրապետության ավիացիոն շուկայի ձևավորման և զարգացման գործում։ Վստահ ենք, որ միջազգային փորձի ներդրումը թույլ կտա տեղական ավիաընկերություններին իրացնել իրենց մրցակցային առավելությունները։ Մենք պատրաստ ենք ամեն ջանք գործադրել այս նպատակին հասնելու համար»,-նշեց Արմեն Սիմոնյանը։