Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումների պատճառով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել

Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումների պատճառով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել

Ասիական մի քանի ավիաընկերություններ հայտարարել են, որ վերաուղղորդել կամ չեղարկել են դեպի Եվրոպա և Եվրոպայից չվերթերը՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Երկու տասնյակից ավելի միջազգային ավիաընկերություններ փոխել են թռիչքային ուղիները Պակիստանի օդային տարածքը շրջանցելու համար: FlightRadar24-ի տվյալներով՝ մայիսի 7-ի առավոտյան ավիաընկերությունները չեղարկել են դեպի Պակիստան կամ Պակիստանից 52 չվերթ:

Լարվածության ֆոնին երկու երկրներում խափանվել են նաև ներքին չվերթերը։ Հնդկաստանը փակել է մի քանի օդանավակայաններ, և արդյունքում չեղարկվել են Air India, IndiGo, SpiceJet և Akasa Air ավիաընկերությունների չվերթերը։ Հնդկաստանի առաջատար IndiGo ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկել է 165 չվերթ 11 վայրերից։ IndiGo-ն, որն օրական իրականացնում է ավելի քան 2200 չվերթ, Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումների պատճառով ամենաշատ տուժած ավիաընկերություններից մեկն է։ Նրա բաժնետոմսերը անկում են ապրել մինչև 3,1%-ով։

Air France-ը և Հոլանդական KLM ավիաընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են թռիչքները Պակիստանի վրայով մինչև հետագա ծանուցում: Singapore Airlines-ը ևս հայտարարել է, որ մայիսի 6-ից դադարեցրել է Պակիստանի օդային տարածքով թռիչքները։

EVA Air-ը, Thai Airways-ը, Korean Air-ը և այլ ավիաընկերություններ իրենց հերթին հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով` վերաուղղորդում են թռիչքները՝ խուսափելով Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական գործողությունների հետևանքով տուժած օդային տարածքից:

Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը թիրախի` հայտարարելով, որ դրանք հանդիսանում են ահաբեկչական կենտրոններ։ Պակիստանը պատասխան հրետանային հարվածներ է հասցրել Հնդկաստանին։ Ըստ վերջին տեղեկություների՝ Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։ «Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։