Կհասկանանք իրական վնասի չափը, կփորձենք աջակցել. Պապոյանը՝ երեկ տեղացած կարկուտից տուժած քաղաքացիների մասին

Կհասկանանք իրական վնասի չափը, կփորձենք աջակցել. Պապոյանը՝ երեկ տեղացած կարկուտից տուժած քաղաքացիների մասին

Մենք կանխարգելիչ միջոցառումներ էինք իրականացրել և նաև ինստիտուցիոնալ, մասնավորապես Կառավարության ֆինանսավորմամբ այս տարի 70-80 տոկոսով ապահովագրավճարները փոխհատուցվում են: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտվել են այդ առաջարկից, և իրենք ընդամենը 20 տոկոսն են վճարելու ապահովագրավճարի, 80 տոկոսը ՀՀ կառավարությունն է փոխհատուցելու: Քաղաքացիների այդ խումբը որևէ խնդիր չունի և կփոխհատուցվի:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ Արարատյան դաշտավայրում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ֆերմերների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք կա՛մ չեն հասցրել, կա՛մ չեն ապահովագրել իրենց այգիները, նշեց՝ նախորդ տարի նմանատիպ դեպք եղել է:

«Բավական ծանր աշխատանք ունեցանք բանկային համակարգի հետ, և ըստ էության, բոլոր դեպքերը առանձին-առանձին դիտարկել ենք և փորձել ենք օգնել ձեր մատնանշած խնդիրը կարգավորելու համար, որովհետև դուք նշեցիք՝ վարկեր ունեն»,- տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարը:

Ինչ վերաբերում է Դանիելյանի հարցին՝ ինչու հակակարկտային կայանները բազմաթիվ տեղերում առկա չեն, բացի դրանից՝ եղածներն էլ պատշաճ չեն գործել, Պապոյանը պատասխանեց՝ ինքը չի կարող միանշանակ նման պնդում անել:

«Հակակարկտային կայանները գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության կառավարման տիրույթում, բայց ես երեկ խոսել եմ և՛ Արարատի մարզպետի, և՛ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, և այո, մենք ունենք վնասներ, բայց նաև արձանագրվել է, որ ամբողջ գիշեր հակակարտային կայաններն ամբողջ ծավալով աշխատել են: Գիտականորեն ապացուցված փաստ է, որ հակակարտային կայանները մի կողմից բավական արդյունավետ են, բայց երբեք 100 տոկոսանոց արդյունավետություն չեն ունենում: Այնտեղ կան այլ գործիքներ, օրինակ՝ Վրաստանում հրթիռների տարբերակն է կիրառվում, բայց այնտեղ այլ հարցեր կան, որոնք այս պարագայում դեռևս մեզ մոտ կիրառման խնդիր ունենք»,- ասաց նախարարը:

Պապոյանի խոսքով՝ իրենք կգնահատեն:

«Կհասկանանք իրական վնասի չափը: Կառավարության հնարավորությունների սահմաններում միշտ էլ մեր քաղաքացիների կողքին կանգնած ենք: Կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում վնասները գնահատելով աջակցել նրանց»,- նշեց նա: