ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան՝ հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Կոմիտեից նշեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում։

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաև ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից։ 

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնեց Սարգսյանը։