Մխիթար Հայրապետյանն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին

Մխիթար Հայրապետյանն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հրավերով այցելել է Իջևան՝ ծանոթանալու տեղում իրականացվող տեխնոլոգիական կրթական ծրագրերին, հաջողված նախաձեռնություններին և ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությանը։

ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մխիթար Հայրապետյանի առաջին կանգառը «ԻննոԻջևան» հանգույցն է եղել, որտեղ մի շարք տեխնոլոգիական կրթական ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել հանգույցում, ծանոթացել հնարավորություններին և կարևորել մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը և իրականացումը։

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը, որը քառամյա կրթությամբ տեխնոլոգիական ուսումնարան է՝ նախատեսված 9-րդ դասարանը ավարտած աշակերտների համար։ ԱՏՁՄ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է դպրոցի առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողները հիմնականում սովորում են դպրոցական՝ 10-12-րդ դասարանների ծրագրով, իսկ հետագա տարիներին անցնում են գործնական աշխատանքի և ավարտում ուսումը 2-3 տարվա մասնագիտական փորձով։ Սաները հիմնականում ընտրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և այլն։ Վահե Խաչատրյանը շեշտել է, որ «Իրական դպրոցը» իր սաներին առաջարկում է աշխատաշուկա մուտք գործելու արդյունավետ ճանապարհ՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող՝ ըստ ընտրած ուղղության։

Հաջորդ կանգառը եղել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը, որտեղ նախարարը զրուցել է սաների հետ, լսել նրանց գաղափարներն ու նախագծերը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է այս կրթական ծրագրի բացառիկությունը՝ ընդգծելով այն մարզերում տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանման և զարգացման տեսանկյունից։

Այնուհետև նախարարն այցելել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող «Microchip Technology» ընկերության Իջևանի մասնաճյուղ։  Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է մասնաճյուղի տարածքով, ծանոթացել աշխատակիցների հետ, մասնաճյուղի գործունեության առանձնահատկություններին։ 

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ «Microchip Technology»-ի նման ընկերության ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։  

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանը։  Քննարկվել և պարզաբանվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման,  նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։