Հայաստան ներկրվող բնական գազի 10 տոկոսը հնարավոր է փոխարինել տեղական արտադրության բիոգազով

Հայաստան ներկրվող  բնական  գազի 10 տոկոսը  հնարավոր է  փոխարինել տեղական արտադրության բիոգազով

Հայաստան ներկրվող  բնական  գազի 10 տոկոսը  հնարավոր է  փոխարինել տեղական արտադրության բիոգազով։ Վառելիքային  այս հաշվարկ-պնդումը՝ երկրում  վերջերս  իրականացված  հետազոտական աշխատանքի  եզրակացություն է։ Ուսումնասիրությունն  իրականացրել  է դանիական Renew Energy խորհրդատվական-ինժեներական ընկերությունը։ Պատվիրատուն  Հայաստանի ամերիկյան  համալսարանի Յակոբեան բնապահպանական  կենտրոնն է՝ Շվեդիայի  կողմից ֆինանսավորվող «Հայաստանում  թափոնների կառավարման քաղաքականութուն» ծրագրի  շրջանակներում։ Թեման  նորից է  հայտնվել մասնագետների  ուշադրության  կենտրոնում՝ պայմանավորված  Հայաստանի  էներգետիկ  անվտանգության  ամրապնդման,  գյուղատնտեսության խթանման, երկրում  կուտակվող  աղբը  կրճատելու  բնապահպանական, նաև  կլիմայի  փոփոխության և  մի  շարք  այլ խնդիրներով։ Փորձագետները նախ  գնահատել են, թե  կենսագազի հումքի  ի՞նչ  քանակներ կան  երկրում։ Ստանդարտ  հաշվարկների  միջոցով  բացահայտել են կենսամեթանի ներուժը, առաջարկել  դրա  ստացման  3 մոդել ու առանձնացրել  վերջնական  արդյունքի  օգտագործման  հնարավոր  շահառուներին։ Մասնագիտական  խմբի ստացած  արդյունքները, որ վերջերս են  հրապարակվել՝  հետևյալն  են․

Կենսագազի ստացման  համար  մեր երկրում  կարող  է որպես  հումք   օգտագործվել

  • տավարաբուծական, խոզաբուծական  և  թռչնաբուծական մեծ ու փոքր  ֆերմաներում առաջացող  կենդանական գոմաղբ
  • արտերը  հնձելուց  հետո  դաշտերում մնացող  հացահատիկի  ծղոտ պահածոյացնող ու գինեգործական  ձեռնարկություններում գոյացող միրգ-բանջարեղենայի  մնացորդներ
  • ջերմոցային տնտեսությունների ու  սպանդանոցների թափոն

493167095_122239668914207909_8104795986842821049_n (1).jpg (569 KB)

Renew Energy ինժեներական և խորհրդատվական ընկերության տնօրեն Մորտեն Գիլենբորգ․ «Փորձում ենք  կենտրոնանալ  թափոնների  վրա, որոնք առաջանում են  հողագործությամբ ու անասնապահությամբ  զբաղվելու արդյունքում։ Այդ  ամենին կարող  է գումարվել արտերի  ծղոտը,  սննդի  արտադրության  թափոնները, մինչև  իսկ՝ սպանդանոցային մնացորդները  և  այդ ամենից  կենսագազ  ստանալու տարբերակներ  առաջարկել։ Վերջնական  արտադրանքը  կարող  է օգտագործվել ինչպես կենցաղում՝  բնակիչների  տան  կամ  արտադրական  տարածքների  ջեռուցման ու  խոհանոցային  կարիքների, այնպես  էլ՝ տրանսպորտի  լիցքավորման  համար»։

Հումքի  գնահատումների  համաձայն՝ թափոնների  համախառն  ներուժը  երկրում  կազմում է տարեկան մոտ 7,62 մլն տոննա։ Կենսագազի հիմնական  հումքը  Հայաստանում՝ մոտ 56 տոկոս  կենդանիների  գոմաղբն է։ Աղբյուրների  շարքում  21 տոկոս մասնաբաժնով ծղոտն է, կենցաղային  սննդային թափոնը՝ 16 տոկոս, ագրոարդյունաբերական սննդի  թափոնը 6,5 և  ջերմոցային  տնտեսությունների  մնացորդը՝ 0,5 տոկոս։

Աղբը  որպես  հումք՝  այս  ծրագիրը  չի  դիտարկել։ Կենսագազի  արտադրության համար  կարող  է  երեք  մոդել գործել

1․ Աշխատում  է միայն  գոմաղբից  ստացվող տարեկան 2 մլն խմ մեթանով, դրանից  արտադրվում էլեկտրաէներգիա։ Պահանջվող  կապիտալ  ծախսը՝  8,4 մլն եվրո

2․ Սննդային  խառը  տիպի թափոններից  ստացվող տարեկան 5 մլն խմ մեթանի  հաշվին՝ կենսամեթանի  արտադրություն մինչև 10,1 մլն եվրո կապիտալ ծախսով

3․ Համակցված՝ կենդանական ու սննդային թափոնից  ու սիլոսացված  ծղոտից  առաջացող տարեկան 10 մլն խմ մեթանից ստանալ  կենսամեթան։ Անհրաժեշտ  ծախսը՝ 17,7 մլն եվրո

Կենսագազի  համախառն  ներուժը  Հայաստանում կազմում է տարեկան մոտ 430,60 մլն խմ։ Այդ  պոտենցիալը համարժեք է 1529,37 ԳՎտժ/ տարի համախառն էլեկտրաէներգիայի  արտադրությանը ցանցի մասշտաբով համակցված ցիկլով գազային տուրբին՝ օգտագործելով 59,6 % արդյունավետությունը։ Տարվա  կտրվածքով   շարունակական  շահագործում  ենթադրելով՝ մոտ 174 ՄՎտ դրվածքային հզորություն

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանց.  «Առկա  հումքից ստացվող  մեթանի համախառն ներուժն,  ըստ  ծրագրի  հաշվարկների, կազմում է Հայաստանի  2022 թվականի  բնական  գազի ընդհանուր  պահանջարկի  10,50 % ( 2.46 մլրդ խմ տարեկան)։ Ունեցած  ռեսուրսից՝ կանաչ  վառելիքի  հետ  միասին կենսագազի  տեխնոլոգիայով  կարելի  է արտադրել  նաև ազոտական և  ֆոսֆորական օրգանիկ  պարարտանյութ»։

494929023_122239667336207909_4225298416673331762_n.jpg (448 KB)

Կենսագազի  ստացման համար  Հայաստանում  կարող  է  գործել 20 կլաստեր Անասանբուծության  ու  գյուղատնտեսական  գործունեության  շնորհիվ՝ Շիրակի, Գեղարքունիքի և  Լոռվա  մարզերն  ունեն մեթանի ստացման բարձր  ներուժ։ Կենսագազի արտադրության  կայանները  մարզերում  կարող  են աշխատել  գոմաղբի, մայրաքաղաքում ու  երևանամերձ  հատվածներում՝  սննդային  թափոնների  հիման  վրա։ Երկրում 382 տեղանք  կա,  որ պահանջվող  հողօգտգարոծման, ճանապարհային ենթակառուցվածքների ու  գազ-ջուր-էլեկտրաէներգիայի  առկայությամբ  համապատասխանում է  բիոգազի արտադրության  թիրախային չափանիշներին։ Վերջին 20 տարում Հայաստանում  կենսագազի  ստացման 6 կայան է  աշխատել։

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար․Հարություն Ալպետյան․  «Շատ լավ  օրինակ  է՝ Լուսակերտի բիոգազի  կայանը, որը մոտ 1 ՄՎտ հզորություն  ուներ, 4 տարի  գործել է ու  փակվել, որովհետև հումքի  խնդիր  առաջացավ։ Սա  ռիսկ է, որը  պետք է  հաշվի  առնել  բիզնեսը  պլանավորելիս։ Մասնավոր  ներդրողին սատարելու  հարցում  պետությունն  այստեղ  կարևոր  դերակատարում ունի՝ տնտեսական  բերանպաստ  միջավայր  ապահովելու  ու  վերականգնվող-կանաչ  էներգիայի   համար,  ինչպես  արևային  էներգետիկայի  զարգացման  համար   արտոնյալ  սակագներ  առաջարկելու հարցում։ Ժամանակին  գործել են հատուկ  այդ  սակագները»։

494683215_122239667696207909_3976532458533471431_n.jpg (661 KB)

Կենսագազի  ստացման համար  Հայաստանում  կարող  է խոչընդոտ լինել հումքի անխափան  մատակարարման ոչ պատշաճ  ենթակառուցվածքը Փորձագիտական գնահատումների  համաձայն՝ երկրում առաջացող  գոմաղբի  մոտ 95 տոկոս  գոյանում է մինչև  10  անասնագլուխ  ունեցող գյուղական փոքր   ֆերմաներում  և կենսագազի  արտադրության համար  անհրաժեշտ  է այդ  հումքը կայաններ  տեղափոխելու ենթակառուցվածք մշակել։ Ինչպե՞ս կվերաբերվեն  ֆերմերները՝ գոմաղբից տնային  պայմաններում  աթար-վառելիք կամ այգիների  պարարտացման  համար  կենսահումուս  ստանալու  ավանդական իրենց հնարավորությունը  փոխելու առաջարկին՝ հետո  պարզ  կդառնա․․․ երբ Հայաստանում կենսագազի ենթակառուցվածքների  զարգացման  պետական  պատասխանատուները  տեխնոլոգիական, տնտեսական ու  բնապահպանական  հաշվարկներով այս զեկույցի  հիման  վրա քաղաքականություն  կմշակեն,  իսկ  մասնավոր սեկտորը՝  ներդրումային  ծրագրեր։

494667795_122239667258207909_4741666412886903155_n.jpg (556 KB)

Ֆոտոները՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի էջից