Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի դեմ «Սինդուր» գործողության մեկնարկի մասին

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։
«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։
Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու-Դելիում հատկապես ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։
«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Պակիստանը ժամանակավորապես՝ 48 ժամով, փակել է իր օդային տարածքը։