Հնդկաստանի և Պակիստանի միջև լուրջ լարվածության վտանգ կա

Հնդկաստանի և Պակիստանի միջև լուրջ լարվածության վտանգ կա

Հնդկաստանի և Պակիստանի միջև լուրջ լարվածության վտանգ կա։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիհար Ահմեդը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։ «Իրավիճակը շատ լարված է։

Հնդկաստանի և Պակիստանի միջև լուրջ էսկալացիայի վտանգ կա», – ասել Է պակիստանցի դիվանագետը։

Նա նշել է, որ իրավիճակի մեղավորը Պակիստանը չէ։ «Ես կարծում եմ, որ միջազգային հանրության անդամների շրջանում կա ըմբռնում, որ անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել իրավիճակի ապաէսկալացիայի համար, քանի որ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից», – հավելել է Ահմեդը:

Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:

Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները: