Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 5 անշարժ գույք.
- 1 շարժական գույք.
- 23 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ.
- 92 միլիոն 313 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար: