Կբարձրացվի սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախատեսված վարչական տուգանքի չափը

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետևանք կունանա ծխելն իրենց առողջության վրա: 2024 թվականի ընթացքում, սակայն, մի շարք տեղական արտադրողներ շարունակել են տարբեր պատճառաբանություններով չհամապատասխանեցնել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին և արտադրել ու շրջանառել են դրանք հին տեսքի տուփերով՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Վերոնշյալ խնդիրները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու հավելել, որ թեպետ խնդրի լուծման համար ժամանակ է տրվել տնտեսվարողներին, սակայն խնդիրը շարունակում է չլուծվել: Ըստ նախարարի՝ սա անարդար մրցակցության գործելաոճ է, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ: Նոր կանոններով առաջնորդվող տնտեսսվարողները ստիպված են լինում ավելացնել ծախսերը՝ բարձրացնելով նաև վաճառքի գինը: Նման իրավիճակն անարդար մրցակցային պայմաններ է ստեղծել:
Գևորգ Պապոյանի խոսքով տվյալ իրավախախտման համար 400.000 դրամ գործող տուգանքի չափն էական, ֆինանսական բեռ չէ տնտեսավարողների համար և նպաստում է անօրինական գործելակերպի շարունակությանը: Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու և խնդրին իրավաչափ լուծում տալու նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն՝ առաջարկելով ավելացնել տուգանքն իրավախախտման նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի գնահատմամբ եւս սա շուկայում անհավասար մրցակցային իրավիճակ է ստեղծել: Պատգամավորն առաջարկել է օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, քանի որ շուկայում գործող օրինապահ ընկերությունների ցանկությունն է՝ օր առաջ ընդունել այս կարգավորումը: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հստակեցրել է՝ այդ պատասխանատվությունը վերաբերելու է 2024 թվականի հունվարի մեկից հետո արտադրված և ներմուծված ծխախոտային արտադրանքին: «Այնպես չլինի, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, տեսչական մարմինները գնան ու բոլորին նույն հարթության վրա դիտարկեն»,- նշել է պատգամավորն ու խոսել ծխախոտի արտադրման ժամկետը հստակեցնելու հնարավորության մասին: QR կոդերը, ըստ նրա, արտադրման և ներմուծման ժամկետը ստուգելու տեխնիկական հնարավորություն են տալիս:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը հստակեցրել է, որ արտահանման մասով պահանջ չկա, կանոններին չհետևելու հիմնական պատասխանատուն արտադրողն է լինելու և վստահեցրել՝ տնտեսական կարճաժամկետ շահը փոխարինվում է երկարաժամկետ շահով:
Քննարկումների արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: