Որոշ պարամետրեր են վերանայվել Ռուսաստանի 2025-ի պետական բյուջեում

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը փոխել է 2025 թվականի դաշնային բյուջեի պարամետրերը՝ դեֆիցիտը ՀՆԱ-ի 0.5%-ից հասցնելով ՀՆԱ-ի 1.7%-ին: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ռուսաստանի կառավարության հերթական նիստում հաստատվել է Ֆինանսների նախարարության 2025 թվականի դաշնային բյուջեի ցուցանիշների փոփոխության մասին օրինագիծը։ Փաստաթուղթը պատրաստվել է Ռուսաստանի Դաշնության 2025 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման վերանայված կանխատեսման և տարվա անցած ժամանակահատվածի բյուջեի կատարման հիման վրա։ 2026-2027 թվականների պլանավորման ժամանակահատվածի ցուցանիշները մնում են անփոփոխ։
Վերանայված պարամետրերի համաձայն՝ 2025 թվականին բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է կազմել 3 տրիլիոն 792.4 միլիարդ ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.7%-ը։ Ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքով նախատեսված էր 1 տրիլիոն 173.4 ռուբլու կամ ՀՆԱ-ի 0.5%-ի դեֆիցիտ։
Ակնկալվում է, որ 2025 թվականին բյուջեի եկամուտները կկազմեն 38 տրիլիոն 506.2 միլիարդ ռուբլի կամ ՀՆԱ-ի 17.4%-ը: Նավթի և գազի վաճառքից եկամուտները նախատեսված են 8 տրիլիոն 317.4 միլիարդ ռուբլու չափով` հիմնականում պայմանավորված անհատական հարկերի և ոչ հարկային վճարումների ստացման աճով։
Ինչպես հետևում է Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված եկամուտների և դեֆիցիտի թվերից, ծախսերը կկազմեն մոտավորապես 42.298 տրիլիոն ռուբլի։
Ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքով եկամուտները նախատեսված էին 40 տրիլիոն 296.1 միլիարդ ռուբլու չափով, իսկ ծախսերը՝ 41 տրիլիոն 469.5 միլիարդ ռուբլու չափով։
Գերատեսչությունը հայտնում է, որ բյուջեի փոփոխությունների երկրորդ բլոկը կպատրաստվի աշնանը:
2024 թվականի բյուջեի պարամետրերը նույնպես մի քանի անգամ փոխվել են։ Սկզբնապես 2024 թվականի բյուջեի մասին օրենքը նախատեսում էր 1.595 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 0.9%-ի դեֆիցիտ։ Գարնանն այն ավելացվել է մինչև ՀՆԱ-ի 1.1%-ը կամ 2.120 տրիլիոն ռուբլին։ Ավելի ուշ այն գնահատվել է 3.296 տրիլիոն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.7%-ը։ Արդյունքում, ըստ Ֆինանսների նախարարության, բյուջեն կատարվել է 3.485 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 1.7%-ի դեֆիցիտով։