Հայաստանը հունիսին ԱՄՀ–ից կարող է ստանել 25մլն դոլարի հասանելիություն

Հայաստանը հունիսին ԱՄՀ–ից կարող է ստանել 25մլն դոլարի հասանելիություն

ԱՄՀ թիմը և ՀՀ իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում հինգերորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար (Stand-By Agreement, SBA), նշվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից այս ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է հունիսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարից (18.4 միլիոն SDR)՝ «Պահուստային ծրագրի» մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ 149.9 միլիոն ԱՄՆ դոլարի (110.4 միլիոն SDR)», – նշվում է հաղորդագրության մեջ։

SBA համաձայնագրի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։