Անհայտ միջատների գրոհը․ Արմավիրի Երասխահուն գյուղում դաշտերն ու այգիները վտանգված են

Արդեն մի քանի շաբաթ է՝ անհայտ տեսակի միջատները գրոհել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի դաշտերն ու այգիները։ Գյուղի վարչական ղեկավար Նարեկ Փանոսյանն ասում է՝ շաբաթներ առաջ սկսեցին թրթուրներ նկատել ճանապարհներին։ Կարծում են, որ հենց այդ թրթուրներն են վերածվել միջատների։ Այս շաբաթների ընթացքում նրանց թիվը ոչ միայն բազմապատկվել է, այլև պարզ դարձել, որ անվնաս չեն։ Արագիլներով հայտնի գյուղը հիմա էլ միջատներով է հայտնի դառնում։ Այս փոքրիկ, շագանակագույն միջատներն ամբողջությամբ ուտում ու ոչնչացնում են ճանապարհին հանդիպած տարատեսակ բույսեր՝ մոլախոտերից մինչև մշակաբույսեր։
Սպուտնիկ Արմենիան գրում է, որ թունաքիմիկատներով պայքարել փորձում են, բայց հարցը մեկ-երկու հոգով չի լուծվի, համալիր միջոցառումներ են պետք, որ բոլոր այգիներն ու դաշտերը միաժամանակ սրսկվեն, այլապես մեկի դաշտից միջատները մյուսի դաշտ կտեղափոխվեն։ Բացի այդ, թունաքիմիկատների օգտագործումն էլ է թանկ։
Մանրամասն՝ arm.sputniknews.ru